12 նոյեմբերի 2012 - 17:03 AMT
Երվանդ Բոզոյանն ու Լևոն Զուրաբյանը չեն բացառում, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են հանդես գալ միասնական թեկնածուով

Այն, որ գալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունը կարող է հանդես գալ միասնական թեկնածուով, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը չի բացառում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետը նկատեց, որ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդատվություններ սկսելու առաջարկից հետո արդեն հանդիպումներ է ունեցել ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ: «Ես չեմ բացառում, որ այս հանդիպումների արդյունքում ձևավորվի մի ընդհանուր հարթակ և այս ուժերը նախագահական ընտրություններին գնան միասնական թեկնածուով»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Հիշեցնենք, որ այսօր կայացավ ՀԱԿ-ԲՀԿ խորհրդակցությունը: ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը լրագրողների հետ հանդիպմանը ասել էր, որ խորհրդակցության ժամանակ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի առաջարկներում ընդհանրություն է տեսել և հետագա բանակցությունները շարունակական կլինեն:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ չի բացառել, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն գալիք նախագահական ընտրություններին մասնակցեն միասնական թեկնածուով: