12 նոյեմբերի 2012 - 18:47 AMT
«Եվրատեսիլ 2013»-ում մասնակիցների ելույթի կարգը կորոշեն պրոդյուսերները, այլ ոչ թե վիճակահանությունը

«Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի մասնակիցների ելույթի կարգը, որը տեղի կունենա շվեդական Մալմ քաղաքում, կորոշվի շոուի պրոդյուսերների կողմից, այլ ոչ թե վիճակահանության միջոցով, հաղորդում է ՌԻԱ Նոովոստին:

Նման որոշում է կայացվել «Եվրատեսիլի» խորհրդակցական խմբի կողմից և ստացել Եվրոպական հեռարձակողների միության աջակցությունը:

«Մենք կարծում ենք, որ դա կօգնի շոուն ավելի տպավորիչ դարձնել և ընդգծել յուրաքանչյուր երգի, յուրաքանչյուր համար յուրահատկությունը: Եթե մենք ինքներս կառուցենք շոուն, ապա կարող ենք այն ավելի տրամաբանական դարձնել և հանդիսատեսին պահել լարվածության մեջ սկզբից մինչև վերջ»,- ասել է մրցույթի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ 2013-ին նոր կանոնները փորձ կլինեն Եվրոպական հեռարձակողների միության համար, իսկ Մալմում մրցույթից հետո կընդունվի վերջնական որոշում:

«Եվրատեսիլ 2013» մրցույթը տեղի կունենա Մալմում մայիսի 14-18-ը: Շվեդիան կընդունի մրցույթն արդեն 5-րդ անգամ, երկրին վերջին հաղթանակը բերել է երգչուհի Լորինը: