12 նոյեմբերի 2012 - 18:15 AMT
Ֆրանսուա Օլանդ. Ֆրանսիայում պետք է լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ֆրանսուա Օլանդի հանդիպումից հետո Ելիսեյան պալատում տեղի ունեցավ հանդիսավոր ճաշկերույթ ՀՀ նախագահի պատվին, որին հրավիրված էր նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը: Ճաշկերույթի ժամանակ Ֆրանսուա Օլանդը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունվելու է: Ֆրանսիայի նախագահը նշեց նաև օրինագծի իրավական բազայի ապահովման անհրաժեշտությունը՝ խուսափելու համար ՍԴ գրաքննությունից:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական:

Ըստ վերջերս տարածված հաղորդագրությունների, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը շուտով կրկին կընդգրկվի Ֆրանսիայի քաղաքական օրակարգում, քանի որ, ինչպես հայտարարեց նախագահ Օլանդը, «իրենք չեն հրաժարվել օրենքից, որով նախատեսվում է քրեականացնել 1915թ. իրադարձությունների ժխտումը»: