12 նոյեմբերի 2012 - 20:50 AMT
Ֆրանսուա Օլանդը ցանկանում է Հայաստանի հետ կիսվել տրանսպորտի ոլորտում ֆրանսիական փորձով

«Ֆրանսիան երկրորդ ներդրողն է Հայաստանում»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: «Հայաստանում կան ավելի քան հարյուր ձեռնարկություններ, բայց դրանք կարող են ավելի շատ լինել»,- ասել է Օլանդը:

Ինչպես բացատրել է ֆրանսիացի նախագահը, ֆրանսիական փորձը և ներդրումները կարող են օգտակար լինել գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում: Զարգացման ֆրանսիական գործակալությունը պետք է առաջարկներ պատրաստի այդ ոլորտներում հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ասել է, որ ֆրանսիացի և հայ ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամությունը պետք է ամրապնդել՝ ընդլայնելով տնտեսական կապերը: «Հայաստանը Ֆրանսիայի աջակության կարիքն ունի»,- հավելել է նա, հաղորդում է russian.rfi.fr-ը:

Երկու նախագահների հանդիպումից հետո լրագրողների առաջ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ֆրանսիացիներին և Ֆրանսիայի կառավարությանը Հայոց ցեղասպանության նկատմամբ ուշադիր վերաբերմունքի և այս հարցում սկզբունքային դիրքորոշման համար»: