13 նոյեմբերի 2012 - 13:02 AMT
2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 603 074 զբոսաշրջիկ

Վիճակագրական տվյալների համաձայն` 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 603 074 զբոսաշրջիկ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

«2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 9.4%-ով: Ամբողջ աշխարհում այդ ցուցանիշը տարեկան 3-4% է կազմում, այսինքն` Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացումը շատ բարձր ցուցանիշ է գրանցել: Սա իշխանությունների և մասնավոր հատվածի համագործակցության արդյունքն է: Մտադիր ենք մինչև տարեվերջ այդ թիվը հասցնել 800-850 հազարի,- նշեց նա` հավելելով, որ Հայաստանը շատ ապահով և վստահելի պետություն է զբոսաշրջության տեսակետից:

Այդ թվում փոխնախարարը շեշտեց, որ սոցփաթեթի շրջանակում շուրջ 10 հազար պայմանագիր է կնքվել, ինչի արդյունքում հայաստանցիներն իրենց հանգիստը կազմակերպել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:

Անդրադառնալով արտագնա տուրիզմին, Արա Պետրոսյանը տեղեկացրեց, որ 2012թ. առաջին 9 ամիսների ընթացքում 608 175 արտագնա այցելություն է եղել: «Անցյալ տարվա համեմատ 11.4% աճ է գրանցվել, և դա միայն ողջունելի է: Ստացվում է, որ հայ բնակչության միջին խավը դարձել է ավելի վճարունակ: Բացի այդ, մենք չենք կարող զբոսաշրջիկ ունենալ, եթե ինքներս չմեկնենք արտասահման: Պետք է մենք գնանք, որպեսզի մեզ մոտ էլ գան»: