13 նոյեմբերի 2012 - 13:14 AMT
Արա Պապյան. Ցեղասպանության ճանաչումը ժամկետանց ծրագիր է

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ԱՄՆ վերընտրված նախագահ Բարաք Օբաման համապատասխան ուղերձով հանդես կգա, բայց կխուսափի Ցեղասպանություն բառից: Այօսր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանություն բառի արտասանելուն սպասելը ինչ-որ կախարդական վերաբերմունք է, որը քաղաքագետն անվանում է Սփյուռքից Հայաստան եկած հիվանդություն: «Ես չեմ հասկանում՝ դրա իմաստը ո՞րն է: Միացյալ Նահանգներն առաջին պետությունն էր աշխարհում, որ 1951-ին ՄԱԿ-ին ուղարկեց գրավոր հայտարարություն, որտեղ հստակ նշված էր, որ հայերի նկատմամբ կատարված ջարդերը ցեղասպանություն է: Նախագահ Ռեյգանը մի քանի անգամ կրկնել է: Եթե Օբաման ինչ-որ ձևով հայտարարեց, դրանից ի՞նչ է փոխվում»,- նկատեց Արա Պապյանը: Նա նաև նշեց, որ այն պատկերացումը, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը, ապա Թուրքիային կպարտադրի հատուցում տալ, սխալ է: Նա ընդգծեց, որ ամենակարևորը Ցեղասպանության հետևանքների վերացումն է: «Մենք դրա պատճառով կորցրեցինք հսկայական տարածքներ:: Կա Վիլսոնի իրավարար վճիռ, որով ՀՀ-ին հատկացվեց նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Տրապիզոնի նահանգների մի մասը:

Ցեղասպանության պատճառով այնքան տկարացած էինք, որ չկարողացանք տեր կանգնել»,- հիշեցրեց Արա Պապյանը:

Քաղաքագետի համար Ցեղասպանության ճանաչումը իմաստ ունի ճանաչում-հատուցում կոնտեքստում, իսկ հատուցումը ամրագրված է իրավական փաստաթղթերում: Ցեղասպանության ճանաչումը նա համարում է ժամկետանց ծրագիր և նշում, որ այսօր մենք պետք է գնանք իրավական ճանապարհով ու բարձրացնենք մեր պահանջները: