13 նոյեմբերի 2012 - 20:44 AMT
Սերժ Սարգսյան. Ես կարող եմ միայն ողջունել Օլանդի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության մասին օրինագծի հարցում

Ֆրանսիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի պարտադրվել Հայաստանի կողմից: Այդ մասին ֆրանսիական Ֆիգարո թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, Ֆրանսիան ինքն է որոշել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանության ժխտումը հանցագործության շարունակություն է: Կարծում եմ, որ նրանք, ովքեր փորձում են վերանայել մի ժողովրդի կողմից մյուս ժողովրդի նկատմամբ ցեղասպանության պատմությունը, կիսում են այդ հանցագործության համար պատասխանատվությունը»,- հայտարարել է նա:

Նախագահի խոսքով, բարդ է կանխագուշակել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրինագծի վերաբերյալ որոշումը: «Ես կարող եմ միայն ողջունել Օլանդի դիրքորոշումը, որը նա արտահայտել է իր նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- ասել է Սարգսյանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական:

Ըստ վերջին հաղորդագրությունների, օրինագիծը շուտով նորից կդրվի շրջանառության մեջ: