14 նոյեմբերի 2012 - 17:47 AMT
Ադրբեջանն աշխարհի 10-ը ամենառազմականացված երկրների ցանկում է, Հայաստանը՝ 23-րդն է

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է ռազմականացման ամենամյա գլոբալ ինդեքսը, որի համաձայն հինգերորդ տարին շարունակ աշխարհի ամենառազմականացված երկիրը Իսրայելն է:

Ռազմականացման ինդեքսը որոշվում է որպես պետության բյուջեի պաշտպանության ոլորտի և ՀՆԱ հարաբերակցություն: Հաշվի են առնվում նաև կրթության, առողջապահության ծախսերը, ինչպես նաև մի շարք այլ գործոններ:

Այդ վարկանիշում Իսրայելը ստացել է 877 միավոր, 70 միավորով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցնող Սինգապուրին: Երրորդ տեղում է քաղաքացիական պատերազի ճիրաններում գտնվող Սիրիան՝ 782 միավոր, չորրորդն է՝ Ռուսաստանը 764 միավորով:

Ամենառազմականացված երկրների առաջին տասնյակում են Մերձավոր Արևելքի միանգամից վեց երկրներ՝ բացի Սիրիայից ու Իսրայելից, նաև Հորդանանը, Քուվեյթը, Բահրեյնը և Սաուդյան Արաբիան, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Կիպրոսն ու Ադրբեջանը:

Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ևս վեց երկրներ երկրորդ տասնյակում են՝ Օման, Ալժիր, ՄԱԷ, Լիբիա, Լիբանան և Մարոկկո: Նրանց ընկերակցում են Հունաստանը՝ 14-րդ տեղ, Բելառուսը՝ 16, Հարավային Կորեան՝ 18 և Ուկրաինան՝ 19-րդ տեղ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ գործնականում Մերձավոր Արևելքի բոլոր երկրները աշխարհի ամենառազմականացված 40 երկրների թվում են: «Մերձավոր Արևելքը հակամարտության բազմամյա գոտի է, իսկ զենքի վեջին գնումները Սաուդյան Արաբիայի ու Քուվեյթի կողմից կարող եմ մեկնարկ հանդիսանալ տարածաշրջանային սպառազինության մրցավազքի համար»,-գտնում է նախագածի ղեկավար Յան Գրեբեն:

Փաստաթղթում նշվում է Ադրբեջանի և Հայաստանի արագ սպառազինումը, որը հիմք է տալիս վախենալու ղարաբաղյան պատերազմի վերսկսումից: Հայաստանը վարկանիշում 23-ն է:

Թուրքիան 24-ն է 609 միավորով: ԱՄՆ-ն, որ աշխարհում պաշտպանության ոլորտի ամենամեծ բյուջեն ունի՝ 689 մլրդ դոլար, զբաղեցնում է միայն 29-րդ տեղը 591 միավորով:

Նվազագույն ռազմականացված երկրներն են Մադագասկարը, Նիգերը, Գանան ու Մավրիկիոսը, որն ընդամենը 105 միավոր ունի:

Վարկանիշը եզրափակող երկրների թվում քիչ չեն այն երկրները, որտեղ ներքին խժդժություններ են տեղի ունենում: Դա ստիպում է հեղինակներին փաստել, որ ռազմականացման ցածր մակարդակը դեռ չի երաշխավորում բնակիչների անվտանգությունը: Հաճախ, դա վկայում է այն մասին, որ ուժային կառույցներն այնքան թույլ են, որ չեն կարողանում կատարել իրեցն աշխատանքը, հայտնում է Newsru.co.il.-ը: