14 նոյեմբերի 2012 - 17:49 AMT
Ոստիկանությունում ուսումնասիրում են Ռուբեն Հայարապետյանի՝ Վարդան Հովասափյանին ծեծելու մասին մամուլի հրապարակումները

Այսօր մամուլում տարածված տեղեկության մասին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատժել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին բժիշկ Վարդան Հովասափյանին, մասնավորապես, ծեծել է նրան, ինչի հետևանքով կոտրվել է բժշկի ծնոտը, PanARMENIAN.Net-ի թղթակիցը կարճ մեկնաբանություն է ստացել ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Մամուլում տարածված հրապարակումներն ուսումնասիրվում են», - ասաց ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը:

Նշենք նաև, որ PanARMENIAN.Net-ի թղթակցին չհաջողվեց զրուցել Վարդան Հովասափյանի հետ: Վերջինիս հեռախոսն անջատված է:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության հերթական տուրի ժամանակ «Փյունիկը» Կապանում 0:1 հաշվով պարտություն կրեց «Գանձասարից»: Կապանից Երևան վերադառնալու ճանապարհին մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար ակումբի ղեկավարությունը աշխատանքից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին:

Խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար, (ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), ակումբի ղեկավարությունը որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել բժիշկ Վարդան Հովասափյանին:

Մարզական կարգապահությունը խախտելու և ոչ սթափ վիճակում գտնվելու համար`(ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), աշխատանքից ազատել է «Փյունիկ» ակումբի դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը: