Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, մասնակցել գիտխորհրդի նիստին, շնորհավորել պրոֆեսորադասախոսական կազմին համալսարանի 90-ամյակի առիթով:
«Չկա մի ոլորտ, որտեղ մանկավարժական համալսարանն ընդգրկված չլինի` բանակի կազմավորման ակունքներում էլ է: Արցախյան ազատամարտին նաև մանկավարժականի կամավորական ջոկատներն էին մասնակցում` Մովսես Գյորգիսյանը, Մեխակ Մեխակյանը», - նշեց նախարարը:
Գիտխորհրդի անդամները նախարարին հարցրեր ուղղեցին բանակի հրամանատարության կրթական որակի, սահմանների պահպանության մասին: Նախարարը հայտնեց, որ սպայական անձնակազմի բոլոր օղակները համապատասխան կրթություն ունեն, իսկ 2013-ին նախատեսվում է ձևավորել հրամանատարաշտաբային օղակի պատրաստման ակադեմիա:
Սահմանների պահպանության մասին Սեյրան Օհանյանն ասաց. «1994 թվականից շփման գծում մենք պարտադրողի դերում ենք: Դիվերսիոն հարձակումների և դիպուկահարների գործողություններից կորուստներ ունենում ենք, բայց հակառակորդն իր պատիժը միշտ ստանում է: Կարգապահության առումով 2011-ը բանակի համար լավագույն տարին էր, իսկ այս տարի 2011-ի ցուցանիշն էլ ենք գերազանցում»:
Սեյրան Օհանյանն ու համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը փոխանակվեցին հուշամեդալներով և բանակի 20-ամյա ու համալսարանի 90-ամյա պատմության մասին գրքով ու ալբոմով: