15 նոյեմբերի 2012 - 15:28 AMT
Լատվիայի ԱԳՆ-ին մտահոգել է սաֆարովյան գործարքը

Առկա փխրուն իրավիճակում սաֆարովյան գործարքը և այդօրինակ քայլերը չեն նպաստում երկխոսությանը երկրների միջև: Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Նա ևս մեկ անգամ նշեց, որ Լատվիան, ինչպես և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները, իր խոր մտահոգությունն է արտահայտել ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ: «Երբ այդ միջադեպը տեղի ունեցավ մենք Վիլնյուսում Սկանդինավյան և Բալթյան երկրների ժողով անցկացրեցինք, և այդ կապակցությամբ հայտարարություն արվեց»,- ասաց Լատվիայի նախարարը: Ըստ Էդգարս Ռինկևիչսի՝ երբ հերթը հասնում է արտաքին քաղաքականության համակարգմանը, իրենք սերտորեն համագործակցում ենք սկանդինավյան և բալթյան, ինչպես նաև եվրոպական գործընկերների հետ: «Դա մի հարց է, որը լուրջ ենք ընդունում»,- ասաց նա: