15 նոյեմբերի 2012 - 18:13 AMT
ԱԶԲ-ն մշակում է Հյուսիս-Հարավ ծրագրի 3-րդ տրանշի տեխնիկական աջակցության ուղղությունները

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ավագ պետական կառավարման մասնագետ Եշիմ Էլհան-Քայալարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների սպասարկմանն ու պահպանմանն ուղղված երկկողմ համագործակցության հետագա ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Եշիմ Էլհան-Քայալարը նշել է, որ ԱԶԲ-ն մշակում է Հյուսիս-Հարավ ծրագրի 3-րդ տրանշի տեխնիկական աջակցության ուղղությունները: Նրա խոսքով՝ հաշվի առնելով տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախկինում հայտնած այն տեսակետը, որ լավագույն արդյունք կարող է ապահովվել միայն միջազգային և հայ փորձագետների համագործակցությամբ, ծրագրում ընգրկվել են ութ խորհրդատուներ, որոնք ինչպես միջազգային, այնպես էլ՝ հայ մասնագետներ են։ Նախարար Բեգլարյանը ողջունել է հայ մասնագետների՝ ծրագրում ընգրկելը:

«Փորձագետները պետք է կարողանան ճշգրիտ հաշվարկներ կատարել: Նրանց աշխատանքի էությունը հենց դրանում է»,- կարևորել է նախարարը:

Հանդիպմանը կողմերը վստահություն են հայտնել, որ ծրագրի շրջանակներում համագործակցությունը կշարունակվի, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապ նախարարության լրատվական ծառայությունը: