«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են շաբաթներ առաջ Արամ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցին ու ամերիկյան պետական քաղաքական և հասարակական շրջանակների հետ կայացած հանդիպումներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, տնտեսության, տարածաշրջանային զարգացումների և ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Կողմերը կարևորել են Հայաստանում ընտրական և քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության խնդիրը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ «Հանրապետություն» կուսակցության և Արամ Սարգսյանի մոտեցումներին: __