15 նոյեմբերի 2012 - 20:09 AMT
Խորխե Օրիկո. Ուրուգվայը թեև փոքր երկիր է, բայց ամեն ինչ կանի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առաջ մղելու համար

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հազարավոր կիլոմետրեր են ընկած, սակայն Հայաստանը և Ուրուգվայը մոտ երկրներ են, որոնց միավորում են ամուր բարեկամությունը և նվիրվածությունը համամարդկային արժեքներին:

«Հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներ է տածում Ուրուգվայի հանդեպ, որն 1965թ-ին առաջինը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Այսօր էլ Դուք օտարերկրյա առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից եք, որն այցելում է Արցախ։ Մենք հատկապես ողջունում ենք Ձեր այդ քայլը, որն առանձնահատուկ գնահատականի է արժանի», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շեշտեց, որ Ուրուգվայը մեծապես գնահատում և կարևորում է բարեկամությունըՀայաստանի և հայ ժողովրդի հետ: Նա նշեց, որ հայերը իրենց մշակույթով,աշխատանքով և ձեռքբերումներով կարևոր ներդրում են ունեցել Ուրուգվայի զարգացման գործում:

«Մենք փոքր երկիր ենք և պաշտպանում ենք միջազգային իրավունքի սկզբունքները։ Ուրուգվայը կանի ամեն ինչ, որ պահպանի միջազգային խաղաղությունը և առաջ մղի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», – ընդգծեց Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարը։

Զրուցակիցներն անդրադարձան տարբեր բնագավառներում երկկողմհամագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Այսհամատեքստում հատկապես կարևորվեցին բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խորացումը:

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։