16 նոյեմբերի 2012 - 17:39 AMT
Ավստրալացի քաղաքական գործիչը կոչ է անում բոլոր պետություններին սատարել Արցախի ինքնորոշման իրավունքին

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովի անդամ, Ավստրալիայի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրեդերիկ Նիլը իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը, հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը:

«Ես իմ վճռական աջակցությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և կոչ եմ անում բոլոր պետություններին ճանաչել մարդու այդ հիմնարար իրավունքը: Մեր այսօրվա գործողությունները կարող են կանխել հայերի նոր ցեղասպանությունը»,-ասել է Ֆրեդերիկ Նիլը:

Հոկտեմբերի 24-ին Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Բանաձևը ներկայացվել է խորհրդի քննարկմանը Մարի Ֆիկարոյի կողմից: Բանաձևում կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ամրապնդել նրա հետ հարաբերությունները:

Ընդունված բանաձևում Օրենսդրական խորհուրդը ճանաչում է, մասնավորապես, ժողովուրդների հիմնական իրավունքը, այդ թվում` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Ղարաբաղի ջանքերն օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով ազատ և ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, աջակցում Ղարաբաղի ընդգրկմանը միջազգային հասարակություն և կոչ անում համագործակցել միջազգային հանրության հետ տարածաշրջանային խնդիրների լուծման համար, կոչ անում սահմանել խաղաղ հարաբերություններ և շարունակել տնտեսական և մարդասիրական աջակցությունը Ղարաբաղին: