17 նոյեմբերի 2012 - 12:51 AMT
Խորխե Օրիկո. Ուրուգվայը դեռևս պաշտոնական դիրքորոշում չունի ԼՂ հարցի վերաբերյալ

Ուրուգվայը դեռևս պաշտոնական դիրքորոշում չունի ԼՂ հարցի վերաբերյալ: Այսօր ԵՊՀ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն: Նա ընդգծեց, որ իրենց պետությունը շահագրգրված է համագործակցել և նպաստել խաղաղության գործընթացին:

«Հարցը պետք է լուծեն դիվանագիտական հաստատությունները և առանց արյուն թափելու»,- նկատեց Խորխե Օրիկոն: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Ուրուգվայը առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ընդգծեց, որ իրենք կնպաստեն հարցի դրական լուծում ստանալու գործին:

Հիշեցնենք, որ Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ նոյեմբերի 13-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց ընդունել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: