17 նոյեմբերի 2012 - 13:54 AMT
Կոնգրեսական ՄաքԳովերնը կոչ է անում ԱՄՆ-ին ամեն ինչ անել Սիրիայում քրիստոնյաների, այդ թվում հայերի, պաշտպանության համար

ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը կոչ է արել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին երաշխավորել, որ «ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին Սիրիայում ապահովել ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի, պաշտպանությունը, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների էպիկենտրոնում», հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք բարձր ենք գնահատում կոնգրեսական ՄաքԳովերնի դիրքորոշումը և կառուցողական համագործակցությունը պետդեպարտամենտի հետ, որպեսզի նպատակային օգնություն ցուցաբերվի Սիրիայի քրիստոնեական, այդ թվում հայ համայնքին: Մենք կիսում ենք նրա մտահոգությունը հակամարտության անմեղ զոհերի վերաբերյալ և միանում ենք ԱՄՆ վարչակազմին ուղղված կոչին»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին որոշել մարդասիրական օգնության առաջնայնություններն ու նպաստել Սիրիայի քրիստոնեական համայնքների վերաբնակեցմանը:

Մասնավորապես, կոնգրեսականը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է համոզվի, որ ամերիկյան օգնությունը հասնում է Սիրիայի բնակչությանը, այդ թվում հայերին և մյուս քրիստոնյա փոքրամասնություններին, նպաստի, որպեսզի ամերիկահայերի հանգանակած օգնությունը տեղ հասնի, համագործակցի Հայաստանի հետ սիրիահայերի վերաբնակեցման հարցում:

«Սիրիայի հայ համայնքը, հատկապես Հալեպի ու մերձակա բնակավայրերի բնակչությունը, Հայոց ցեղասպանսւթյունը վերապրած հայերի շառավիղներն են: Այսօր հայերը, այլ ազգային փոքրամասնությունների հետ միասին, դառնում են ռմբակոծությունների, գնդակոծությունների, սպանությունների ու առևանգումների զոհ: Ոչնչացվում և պղծվում են նրանց սրբությունները»,-գրել է իր նամակում կոնգրեսական ՄաքԳովերնը: