17 նոյեմբերի 2012 - 15:38 AMT
Արմեն Պետրոսյան. Սիրիական հակամարտությունը դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից

Սիրիական հակամարտությունը վերածվել է միջազգայինի: Այն դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ նրա, թեև տարածաշրջանը լարված է, սակայն արտաքին ուժերի կողմից ռազմական գործողություններ չեն սպասվում: «Հարց է՝ արդյո՞ք Սիրիայի ընդդիմադիր ուժերը չեն սադրում, որ արտաքին ուժերը ներխուժեն և օգնեն իրենց Բաշար ալ Ասադի դեմ պայքարում»,- ասաց Արմեն Պետրոսյանը: Անդրադառնալով Ադրբեջանի մահապարտների ներկայությանը Սիրիայում, արաբագետը նկատեց, որ Ադրբեջանը չի կարող անմասն մնալ մի գործողությունից, որտեղ ներգրավված է նրա ավագ եղբայր Թուրքիան: «Ադրբեջանին ձեռնտու է, որ իր ներսում եղած ծայրահեղականներն իրենց նպատակները դրսում իրականացնեն: Դրա համար էլ իրենք ոչինչ չեն ձեռնարկում»,- ասաց Արմեն Պետրոսյանը: