19 նոյեմբերի 2012 - 16:39 AMT
Հայաստանի բուհերի դասախոսները մասնակցել են Ռյազանում անցկացված «Գիրքն ազգային մշակույթի հիմքն է» համաժողովին

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում վերջերս Ռուսաստանի Դաշնությունում ` Ռյազանի Սերգեյ Եսենինի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել «Գիրքն ազգային մշակույթի հիմքն է» ազգային գիտագործնական համաժողովը: Այն կազմակերպվել էր Ռյազանի հայ համայնքի և համալսարանի համատեղ նախաձեռնությամբ ու Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Համաժողովին ռուս մասնագետների հետ մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել Հայաստանից ժամանած պատվիրակության անդամները ` Երևանի պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Լ. Ֆլջյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Է. Մինասյանը, ռուսական լեզվաբանության ֆակուլտետի դեկան Պ. Բալայանը և հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա. Ավագյանը: Համաժողովը վարել է Ռյազանի համալսարանի ռեկտոր Ի. Շեինան, ելույթ են ունեցել Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների և սոցիալ-քաղաքական գիտությունների ֆակուլտետի համաշխարհային մշակույթի ամբիոնի վարիչ Մ. Պոլետաևան, ՌՊՀ պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Յա. Կոլկերը, ՌՊՀ Եսենինի անվան գիտական կենտրոնի ղեկավար Օ. Վորոնովան, ՌՊՀ ռուսական լեզվաբանության և ազգային մշակույթի ֆակուլտետի պրոֆեսոր Ա. Սոլովյովը: Համաժողովին մասնակցել են ոչ միայն ռուս համալսարանականներ ու գիտնականները, այլև Ռյազանի մարզային կառավարության, Դումայի և քաղաքապետարանի ներկայացուցիչները, հայտնում է «Գիրք» հիմնադրամի մամուլի գրասենյակը: