17 մայիսի 2005 - 08:25 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վարշավայում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո Վալդներին, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում Հայաստանի համար Գործողությունների ծրագրի մշակման հետ կապված հարցեր: Բենիտա Ֆերրերո Վալդները ողջունել է այն փաստը, որ Ծրագրի մշակման աշխատանքների համար Հայաստանում ստեղծվել է հատուկ միջգերատեսչական խումբ: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես, Սահմանադրության եւ Ընտրական Օրենսգրքի բարեփոխման գործընթացները: Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչին, Լիտվային նախագահ Վալդաս Ադամկուսին եւ Կիպրոսի նախագահ Տասոս Պապադոպուլոսին: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է Իվան Գասպարովիչին այցելել Հայաստան: Տասոս Պապադոպուլոսի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահների փոխայցելությունների վերաբերյալ, որոնց ժամկետները կճշտվեն դիվանագիտական խողովակներով: Մայիսի 17-ին Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն, որից հետո հայկական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: