19 նոյեմբերի 2012 - 20:53 AMT
Տիգրան Սարգսյան. Պետք է կարողանանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ մատակարարել կրթական համակարգին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսությանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահի և Կառավարությանի անունից շնորհավորելով համալսարանի հոբելյանի կապակցությամբ վարչապետը նշել է. «Այս հոբելյանը լավ առիթ է, որպեսզի կարողանանք գնահատել կատարված աշխատանքները և մեր առջև դնենք զարգացման նոր նպատակներ ու խնդիրներ, չբավարարվենք անցած նվաճումներով, քանի որ ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Այդ համատեքստում, հենց մանկավարժությունն է, որ ունի լուրջ անելիքներ: Գաղտնիք չէ, որ եթե կարողանանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ մատակարարել կրթական համակարգին, դրանով էլ պայմանավորված կլինի այս ոլորտի բարեփոխումների ընթացքն ու մեր առջև ծառացած նոր մարտահրավերների հաղթահարումը»:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լևոն Կոջոյանը պարգևատրվել է Մովսես խորենացու մեդալով, ՀՊՄՀ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայլեյանը՝ Անանիա Շիարակացու մեդալով, իսկ Գայանե Շաղգամյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: Պարգևները հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: