Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը երեկ կանխատեսել էր, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը չի ունենա սեփական թեկնածու, այլ կհամախմբվի կոնկրետ բևեռի, կոնկրետ ծրագրի շուրջ:
«Առավոտ»-ը ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվել է՝ հավանական համարո՞ւմ է քաղաքագետի կանխատեսումը: «Մեզ մոտ նման քննարկումներ չկան: Ընդհանուր գաղափարների շուրջ քննարկումներ են, անձի շուրջ չեն: Խոսքը երկիրը այս վիճակից հանելու մասին է, որն ընդհանուր գաղափար է»,- ասել է նա թերթի հետ զրույցում: «Խաչատրյանի խոսքերով` առաջադրման հարցը որոշելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ եթե առաջադրվի, քաղաքական դաշտում մեծ փոփոխություններ կլինեն. «Նրա առաջադրվելուց հետո փոփոխությունը չեք կարող գնահատել, երևի կլինի փոթորիկ: Դրա համար է երևի Հանրապետականն ավելի ակտիվ, որ կանխեն քայլերը, Տեր-Պետրոսյանի առաջադրման դեմն առնեն»:
Թե ինչո՞ւ է ՀԱԿ առաջնորդը հապաղում առաջադրման մասին հայտարարել, Խաչատրյանը բացատրեց` Լևոն Տեր-Պետրոսյանի ոճն է. «Ինքը շատ ավելի լուրջ է պատկերացնում և՛ առաջադրվելը, և՛ այդ պաշտոնը, պատասխանատվությունն ու հետագան՝ իր հնարավորությունները երկիրը առաջ տանելու»»,- գրում է թերթը: