20 նոյեմբերի 2012 - 12:44 AMT
Ռուսաստանը բանաձև է ներկայացրել ՄԱԿ ԱԽ Գազայի հատվածում բռնությունը դադարեցնելու պահանջով

Ռուսաստանը բանաձև է ներկայացրել ՄԱԿ ԱԽ Գազայի հատվածում բռնությունը դադարեցնելու պահանջով և պաղեստինա-իսրայելյան բանակցությունների կոչով:

ՄԱԿ ԱԽ-ն օրվա մեջ երկրորդ խորհրդակցությունն է անցկացրել Գազայի հատվածում իրավիճակի շուրջ, որտեղ նոյեմբերի 14-ին Իսրայելը ռազմական գործողություն է սկսել ի պատասխան պաղեստինցիների հրթիռային գնդակոծությունների:

Ըստ բանաձևի նախագծի, ՄԱԿ ԱԽ-ն պետք է «լուրջ մտահոգություն հայտնի Գազայում և նրա շուրջ վտանգավոր էսկալացիայի և իրավիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ, հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում ծանր կորուստների և հումանիտար իրավիճակի վատթարացման հետ կապված»: Բանաձևում նշվում է նաև, որ «Իսրայելի քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի»:

Քվեարկության համար ներկայացված փաստաթղում չկան մեղադրանքներ ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների հասցեին:

Ըստ ԶԼՄ-ների, իսրայելյան գնդակոծությունների արդյունքում արդեն շուրջ 100 պաղեստինցի է զոհվել: