20 նոյեմբերի 2012 - 18:34 AMT
Ընտանեկան բռնության զոհերի առաջնային խնդիրը ապաստանի բացակայությունն է

«Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ»-ը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ, նամակ է ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին և խնդրել, որ նա պետական հոգածություն և աջակցություն ցուցաբերի ընտանեկան բռնության զոհերի համար պետական հովանավորությամբ ապաստարան հատկացնելու հարցում: Հիմնադրամը նամակում հիշեցնում է, որ ընտանեկան բռնության հիմնախնդիրն ունի մեծ արդիականություն մեր հասարակությունում և հիմնախնդրի հաղթահարման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում և համատեղ ջանքեր:

«Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամ»-ը 1999 թվականից ի վեր իրականացրել և ֆինանսավորել է բազմաթիվ տարաբնույթ սոցիալական ծրագրեր` նախատեսված անապահով ընտանիքների, կանանց իրավունքների պաշտպանության, գենդերային հիմնահարցերի, բնապահպանական և այլ հասարակական մեծ կարևորություն ունեցող խնդիրների լուծման համար: