18 մայիսի 2005 - 11:34 AMT
ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի տարածքային հարցերով նախարար Էնրիկո Լա Լոջիային, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերությունները խորանում են բոլոր ուղղություններով: Կողմերն ընդգծել են, որ երկկողմ հարաբերություններն ավելի ակտիվ են զարգանում, մասնավորապես, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իտալիա կատարած պաշտոնական այցից հետո, ընդգծվել է նաեւ առանձին ոլորտներում փոխադարձ հետաքրքրությունների խորացումը: Այդ առումով կողմերը նշել են փոքր եւ միջին ձեռնարկությունների, տուրիզմի եւ սպորտի, մշակութային արժեքների պահպանման ոլորտներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի եւ Իտալիայի համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի բարեփոխումների շուրջ հարցեր: