21 նոյեմբերի 2012 - 13:08 AMT
Քաղաքագետ. Համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում կստեղծվի կուսակցական օլիգարխիա

Եթե անգամ քաղաքական կոնսուլտացիաների հետևանքով ծնվի միասնական թեկնածու, միևնույնն է, նա չի կարող հաղթել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:

Ըստ նրա՝ քաղաքական ուժերը կաթվածահար վիճակում են: Նրանք ուզում են իշխանությունից մասնաբաժին ունենալ: Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու քննարկումները Արման Մելիքյանը քաղաքական նորամուծություն է համարում: «Համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում կստեղծվի կուսակցական օլիգարխիա»,- ասաց նա: Արման Մելիքյանը կարծում է, որ նոր կոալիցիոն հուշագրի ստորագրումն էլ է խաղի մի մաս: «Մենք հիմա քաղում ենք 2008-ի պտուղները:

Եթե ՕԵԿ-ն այդ ժամանակ չսատարեր գործող իշխանությանը, ապա մենք այսօր կունենայինք գործող օրինաց երկիր: Մենք պետք է ծնենք քաղաքական առաջնորդներ»,- ասաց Արման Մելիքյանն ու ավելացրեց. «Հայաստանը քաղաքական կռապաշտության երկիր է: ԲՀԿ-ի համար, օրինակ, Գագիկ Ծառուկյանն է կուռքը: ՀՀԿ-ի համար դրսից են ներմուծվում կուռքերը»: