21 նոյեմբերի 2012 - 17:37 AMT
Ադրբեջանական հյուրընկալություն. Ազգությամբ ադրբեջանցուն թույլ չեն տալիս մուտքը Բաքու Հայաստան այցելելու պատճառով

Բաքվի սահմանապահ ծառայությունը օդանավակայանի շենքից դուրս չի թողնում Ղազախստանի բջջային օպերատորներից մեկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, ազգությամբ ադրբեջանցի Բայրամ Ազիզովին:

«Ես ժամանեցի Բաքու նոյեմբերի 19-ի գիշերը, մոտավորապես ժամը մեկին: Անձնագրային հսկողությունը, ինչպես սովորաբար է լինում, խնդրեց իմ անձնագիրը: Ինձ խնդրեցին սպասել, որից հետո տարան աշխատասենյակ, որտեղ ես խոսեցի Ադրբեջանի մաքսային ծառայության ներկայացուցչի հետ: Նա իր անունը չասաց: Նա հարցեր էր տալիս այն մասին, թե ես ով եմ, ինչու եմ եկել, որտեղ եմ աշխատում, ինչու եմ Հայաստան այցելել և այլն: Հեռախոսով խոսելուց հետո նա ասաց, որ ինձ թույլ չեն տա երկիր մուտք գործել և հետ կուղարկեն»,-պատմել է Ազիզովը: Ղազախստանցին ենթադրել է, որ մերժման պատճառ կարող է լինել նրա բազմակի այցերը Հայաստան: Սակայն ադրբեջանցի մաքսավորները դեռ պաշտոնական բացատրություն չեն տվել:

Ազիզովը դիմել Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ հաղորդագրություն թողնելով Twitter-ի նրա էջում: «Բարի օր: Ես Ղազախստանի քաղաքացի եմ: Երկրորդ օրն է գտնվում եմ Բաքվի օդակայանի տարանցիկ գոտում: Իմ անձնագիրը սահմանապահների մոտ է: Չեմ հասկանում պատճառը: Քնում եմ գետնին և արագ օգտագործման լապշա եմ ուտում: Փողերս վերջանում են: Ղազախստանի ԱԳՆ-ն իրազեկվել է»,-գրել է ղազախստանցին ու հավելել: «Ես էլ չեմ ուզում Բաքու, ես տուն եմ ուզում»:

Բայրամովի հետ արդեն կապվել են Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչները և ասել են, որ զբաղվում են այդ հարցով, հայտնում է Tengrinews.kz-ը:

Այսօր, նոյեմբերի 21-ին, մեկ օր ու գիշեր Բաքվի օդանավակայանում անցկացնելուց հետո Բայրամ Ազիզովը կվերադառնա Ղազախստան: Ըստ նրա, անձնագիրը նրան դեռ չեն վերադարձրել՝ ասելով, որ այն կհանձնվի Ղազախստանի պաշտոնատար անձանց: Ալմաթիի տոմսը նրան տրամադրել է «Էյր Աստանա» ընկերությունը: Ազիզովը կթռչի մոտակա չվերթով:

Ղազախստանի ԱԳՆ-ում ասել են, որ Ղազախստանը դիվանագիտական նոտա է ուղարկել Ադրբեջանին: Սակայն արձագանք դեռ չի ստացել: