21 նոյեմբերի 2012 - 18:11 AMT
Իոսիֆ Կոբզոնն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի գլխավորած պատվիրակությունը:

Ողջունելով Կոբզոնի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նաթան Սրբազանը նրան փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ողջույններն ու բարեմաղթանքները:

Իր խոսքում Սրբազան Հայրը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստան այցի նպատակին` Երևանում կայանալիք բարեգործական համերգին` ընդգծելով նաև, որ բարեգործությունը քրիստոնեության առաքելության հիմնական նպատակն է: Այս առիթով Նաթան Սրբազանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Իոսիֆ Կոբզոնի կողմից մշտապես ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար:

Իր հերթին Ի. Կոբզոնը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցի առիթով, նշեց, որ հպարտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացված շքանշանի համար և ուր էլ որ հայ է հանդիպում, միշտ հիշում է Հայաստանը և Ս. Էջմիածինը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նշանավոր արվեստագետի կողմից հայ ժողովրդին դժվարին տարիներին ցուցաբերած օգնությանը, ինչպես նաև հասարակության կյանքում հոգևոր արժեքների ամրապնդման կարևորությանը: