20 մայիսի 2005 - 11:33 AMT
Ի. ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ՆՇԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նրա խոսքերով` խաղաղ բանակցությունների գործընթացում դիտվում է որոշակի առաջընթաց: Եվ այդ առաջընթացը քաղաքական, դիվանագիտական հաջողությունների հետ մեկտեղ գոյություն ունի շնորհիվ Ադրբեջանի տնտեսական ներուժի աճման, ավելացրել է նա: Ի.Ալիեւն ասել է, որ Եվրախորհրդի վեհաժողովի շրջանակներում Վարշավայում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներ է անցկացրել մյուս պետությունների ղեկավարների հետ եւ «Ադրբեջանի արդար դիրքորոշումն այսօր ընդունվում է միջազգային հանրության կողմից»: Ադրբեջանի ղեկավարը հավաստիացրել է հասարակայնությանը, որ երկրի ղեկավարությունը կշարունակի ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման ուղղությամբ: