23 նոյեմբերի 2012 - 13:05 AMT
Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ կրթության ոլորտում

Նոյեմբերի 22-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էին նաև ԵՊՀ և ԵՃՇՊՀ ռեկտորներ Արամ Սիմոնյանը և Հովհաննես Թոքմաջյանը:

Ինչխպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նույն օրը կայացավ Արմեն Աշոտյանի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը, որին ներկա էր նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը: Հանդիպման ընթացքում նախարար Աշոտյանը ներկայացրեց կրթության և գիտության բնագավառում Հայաստանի ձեռքբերումները և բարեփոխումների ընթացքը: Նախարար Աշոտյանը գոհունակությամբ նշեց, որ կրթության և գիտության բնագավառում ԵԽ հետ հաստատվել են արդյունավետ և գործընկերային հարաբերություններ, որոնց նպատակն է կրթության բնագավառն առավելապես ինտեգրել եվրոպական կրթական համակարգին, ինչը փոխլրացնում է նաև Բոլոնիայի գործընթացում Հայաստանի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը:

ԵԽ Գլխավոր քարտուղարը, ողջունելով նախարարին, բարձր գնահատեց Հայաստանում կրթության և գիտության բնագավառի բարեփոխումների ընթացքը՝ վստահեցնելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:

Նախարար Աշոտյանը և Գլխավոր քարտուղար Յագլանդն այլ հարցերի շարքում մտքեր փոխանակեցին 2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության, ինչպես նաև ներքաղաքական և տարածաշրջանային հարցերի շուրջ: