23 նոյեմբերի 2012 - 13:53 AMT
Արմեն Նազարյան. Ուրախ եմ, որ ընտրվել եմ Բուլղարիայի հավաքականի մարզիչ

«Շատ ուրախ եմ, որ ինձ միաձայն որոշմամբ ընտրել են Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ: Ինձ դեռ մի քանի տարի առաջ էին առաջարկել գլխավորել հավաքականը, բայց ես հրաժարվել էի: Փաստորեն ինձանից մոտ 5 տարի պահանջվեց համաձայնվելու համար, ես չեմ կարող ապրել առանց ըմբշամարտի և շատ ուրախ եմ, որ մարզիկների հետ շփվելու հնարավորություն ունեմ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի հաղթող և աշխարհի եռակի չեմպիոն Արմեն Նազարյանը:

Նա կգլխավորի Բուլղարիայի հավաքականը 4 տարի ժամկետով: Նազարյանի խոսքով, նա ուրախ է աշխատել Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և Օլիմպիական խաղերի մեդալակիրների հետ և հիմա իր առաջնային խնդիրը Օլիմպիադայի հաղթողներ պատրաստելն է: «Ես շատ անելիքներ ունեմ, երիտասարդ մարզիկների հետ պետք է աշխատել ու նրանցից լավ կադրեր պատրաստել: Հուսով եմ` կարդարացնեմ բոլորի սպասելիքները»,- ավելացրեց նա:

Նազարյանի գլխավորությամբ առաջին հավաքը բուլղարացի ըմբիշները կանցկացնեն նոյեմբերի 26-ին: 21-օրյա հավաքը, որին կմասնակցեն 22 ըմբիշներ և 3 մարզիչներ, կանցնի Մելնիկում: 2013 թվականին կանցկացվի Բուլղարիայի առաջնությունը և կկազմավորվի հավաքականը, որն էլ մարտին կմասնակցի Վրաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

«Նախատեսում եմ, որ առաջնությունից մեկ շաբաթ առաջ կժամանենք Հայաստան և այնտեղ հավաք կանցկացնենք: Ես նաև պետք է խոսեմ Հայաստանի ընտանու գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի հետ, որպեսզի համատեղ հավաքներ անցկացնենք և Հայաստանում, և Բուլղարիայում»,- ընդգծեց Նազարյանը: