23 նոյեմբերի 2012 - 13:56 AMT
Արմեն Մարտիրոսյան. Արտահերթ նիստը բոյկոտելու մեջ որևէ հակասահմանադրական բան չկա

ՀԱԿ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին ՀՀԿ-ականների չմասնակցելը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համարում է բոյկոտ: Նա դրա մեջ հակասահմանադրական տարրեր չի տեսնում: Նույն կարծիքին է նաև Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը .«Այս դեպքում ՀՀԿ-ն թողեց թույլ մեծամասնության տպավորություն, իրենք տանուլ տվեցին, մեծամասնության բոյկոտը աբսուրդ էր, քանի որ իրենք պետք է քննարկեին հարցը և եթե համոզված էին, որ ճիշտ են, ապացուցեին իրենց ճշմարտացիությունը»,-ասաց Արամ Սարգսյանը:

Արմեն Մարտիրոսյաննն էլ նկատեց, որ ՀՀԿ-ականններն ասում են «եկենք հարցերը լուծենք խորհրդարանում քննարկելով, ոչ թե փողոց դուրս գալով», բայց հակառակին են դրդում. «Ճիշտ կլիներ, նրանք մասնակցեին քննարկմանը և բոյկոտեին քվեարկությունը: Այսպես ՀՀԿ-ն ցույց տվեց, որ պատրաստ չէ խնդիրները լսելու, ուր մնաց թե դրանք լուծելու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը բանակցել էր չորս խմբակցությունների հետ և որոշել արտահերթ նիստ հրավիրել: Դրա համար անհրաժեշտ էր հավաքել 44 պատգամավորի ստորագրություն: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկի տակ ստորագրել էին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ազատ դեմոկրատների» երկու պատգամավորները և «Ժառանգություն» խմբակցությունը։ Սակայն նիստը տեղի չունեցավ: