20 մայիսի 2005 - 12:10 AMT
ՅՈԹ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿՈՂՄԻՑ
«Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներին առնչվող հարցերը, պետք է կարգավորվեն բացառապես ԼՂՀ ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանությունների ընդունած որոշումների հիման վրա»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Արման Մելիքյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե «Հայաստանը համաձայնվել է ազատել Ադրբեջանի յոթ շրջանները», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: «Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունները որոշակի միջազգային շրջանակներում կարող են սխալ պատկերացում ստեղծել բանակցությունների մասնակիցների պատասխանատվության իրական շրջանակների մասին: Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներին առնչվող հարցերը, պետք է կարգավորվեն բացառապես ԼՂՀ ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանությունների ընդունած որոշումների հիման վրա»,- եզրափակել է նա: