23 նոյեմբերի 2012 - 15:27 AMT
Սոցիոլոգ. Եթե Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի, ապա ԲՀԿ-ի վարկանիշը կընկնի

Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի 2013-ի նախագահական ընտրություններում, ապա կհավաքի 30 տոկոս ձայն՝ 20 տոկոս իշխանամետ ընտրազանգվածից, 10 տոկոսն՝ ընդդիմադիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա, առաջիկա ընտրությունների ամենաազդեցիկ գործոնը ԲՀԿ-ի դիրքորոշումն է: «ԲՀԿ-ն ունի երեք հնարավորություն՝ ունենալ սեփական թեկնածու, սատարել թեկնածուներից մեկին, սատարել գործող նախագահին, կա նաև չորրորդը՝ ոչինչ չանել: Այս պահին ավելի հավանական է սեփական թեկնածուով հանդես գալը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Նրա բնորոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը աջակից է փնտում՝ դրսում կամ ներսում, իսկ սեփական դիրքորոշումը բարձրաձայնելու ձգձգումը պայմանավորված է բանակցությունների ընթացքով, որոնք դեռևս չեն ավարտվել: Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ ԲՀԿ-ն, մյուս ընդդիմադիր ուժերի սատարելու դեպքում, ունի 45 տոկոս վարկանիշ, բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ թիվը կարող է աճել կամ նվազել: ԲՀԿ-ի կողմից Վարդան Օսկանյանի թեկնածության հնարավոր առաջադրումը Ահարոն Ադիբեկյանը աղետ է որակում: Ըստ սոցիոլոգի՝ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու դեպքում ԲՀԿ-ի վարկանիշը կընկնի: