ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանն ասում է, որ «Հակահարված» նախաձեռնության հետ Պատմության ֆակուլտետում տեղի ունեցած վեճի մեղավորները երիտասարդներն են եղել: Բանն այն է, որ երեկ այս նախաձեռնության անդամները տարածել էին տեսանյութ և հայտնել, որ դեկանն իրենց կոպիտ ձևով դուրս է հրավիրել մասնաշենքից, երբ իրենք դասամիջոցին ակցիա են իրականացրել:
Էդիկ Մինասյանի խոսքով՝ չորս հոգի տեսախցիկները ձեռքներին, բարձրախոսով ներխուժել են մասնաշենք, միջանցքում վազելով իշխանությանը դատապարտող վանկարկություններ են արել, որի արդյունքում տապալվել են ֆակուլտետի դասերը: Դեկանի խոսքով՝ երբ նա դուրս է եկել պարզելու եղածը, հարցրել է թե, ովքեր են նրանք, երիտասարդները պատասխանել են «բա դու՞ ով ես» արտահայտությամբ:
Արդյունքում վեճ է ծագել, հրել են ֆակուլտետի դեկանին, որից հետո էլ ֆակուլտետի ուսանողներն են խառնվել: Դեկանի խոսքով, ծեծկռտուք, որպես այդպիսին, չի եղել:Մինչ այդ, Մինասյանի պնդմամբ՝ առաջին հարկում նրանք սկսել են ծխել, և դիմադրել անվտանգության աշխատողներին, երբ նրանք պահանջել են հանգցնել ծխախոտը: Արդյունքում խախտվել է դասապրոցեսը, ինչպես նաև օրենքը:
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրությամբ և ԵՊՀ ներքին կանոնադրությամբ, համալսարանում արգելված է քաղաքական քարոզչությունը: