23 նոյեմբերի 2012 - 18:01 AMT
«Եվրատեսիլ 2013»-ին հայաստանյան մասնակցի անունը պարզ կդառնա դեկտեմբերի 1-ից հետո

«Եվրատեսիլ 2013»-ին հայաստանյան մասնակցի հարցը կքննարկվի դեկտեմբերի 1-ից հետո: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց Հայաստանում «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը: «Մեր բոլոր ուժերն այժմ կենտրոնացած են Compass band-ի ելույթի վրա: Դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ից հետո նոր կսկսվեն քննարկումները հաջորդ տարվա մեծերի Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնող կատարողի շուրջ: Առայժմ որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվում և շրջանառվող անուններն ընդամենը ասեկոսե են»,- նշեց նա` հավելելով, որ չի բացառվում, որ կատարվի ներքին ընտրություն:

Գոհար Գասպարյանը տեղեկացրեց նաև, որ հաջորդ տարի Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ» երիտասարդ պարողների մրցույթին: «Մրցույթը տեղի կունենա 2013թ. հունիսի 14-ին լեհական Գդանսկ քաղաքում: Ընդհանուր առմամբ շուրջ 15 երկրներ են մասնակցելու, և մենք պետք է մինչև մարտ որոշենք, թե ով կներկայացնի Հայաստանը մրցույթում»,- ասաց նա: