23 նոյեմբերի 2012 - 18:31 AMT
Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքը ճանաչվեց «1988» մրցույթի հաղթող

Այսօր Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «1988» խորագրով պատմվածքների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթը կազմակերպել էր «Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» հիմնադրամը: Մրցույթին մասնակցում էին 18 պատմվածքներ, որոնք տեղադրված էին կազմակերպության կայքում:

Գլխավոր մրցանակի արժանացավ Հովհաննես Երանյանը` «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքի համար: Մրցանակների արժանացան նաև Հովիկ Վարդումյանը` «Չիլոն գրիլ ա ուզում», Արփի Ոսկանյանը` «Իմ անկախությունը», Մերուժան Հարությունյանը` «Սիրո չբանաձև» և Սուսաննա Հարությունյանը` «Լուրեր կյանքից» պատմվածքների համար:

Ժյուրիի անդամ, ԵՊՀ դասախոս Նունե Դիլանյանը, որն ի թիվս այլ առարկաների, դասավանդում է գրական տեքստի վերլուծություն և թարգմանություն, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ժյուրիի անդամները, առանց հեղինակների անուններն իմանալու, ընթերցել են և կազմել լավագույնների ցուցակը: Առաջին մրցանակակրի անունը որոշվել է միաձայն, սակայն մյուս երկու տեղերի համար եղել են տարաձայնություններ: Արդյունքում որոշվել է երկրորդ և երրորդ տեղերը կիսել երկուսի միջև:

Քանի որ մրցույթի թեման «1988»-ն էր, Դիլանյանը նշեց, որ Արցախյան շարժման թեման շատ քիչ է շոշափվել, արծարծվել է ավելի շատ երկրաշարժն ու փախստականների խնդիրը:

Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ ճանապարհով պետք է ընթանար Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում, արդյոք գլոբալ ու հետխորհրդային խնդիրներով է պայմանավորված ներկա արժեհամակարգային ճգնաժամը, ինչ է պակասում մեզ այսօր աշխարհի լիարժեք մասնիկը դառնալու և Հայաստանի զարգացումն ապահովելու համար:

Մրցույթի հաղթողներին որոշել է պրոֆեսիոնալ անկախ հանձնաժողովը, որը հաշվի է առել պատմվածքների ստեղծագործականությունը, նորարարությունը, ոճը և կառուցվածքային ամբողջականությունը: Քվեարկությունը կազմակերպվել է Facebook սոցիալական ցանցում: Մրցույթի հաղթողները ստացան դրամական պարգև` 1-ին տեղի համար 500 ԱՄՆ դոլարին համարժեք, 2-րդ տեղի համար 400 ԱՄՆ դոլարին համարժեք և 3-րդ տեղի համար 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: