23 մայիսի 2005 - 07:44 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՃԱՆԱՉՎԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Հայկական բուհերի ավարտական դիպլոմները կճանաչվեն 45 եվրոպական երկրներում, հաղորդում է ՖրանսՊրես գործակալությունը (Օսլո): 45 եվրոպական պետությունների կրթության նախարարները պայմանավորվել են դիպլոմների փոխադարձ ճանաչման մասին: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Նորվեգիայում երկօրյա կոնֆերանսի ընթացքում: 1999 թվականին սկսված դիպլոմների ճանաչման գործընթացը նախատեսում է եվրոպական բարձրագույն դպրոցների ունիֆիկացիա մինչեւ 2010 թվականը, մասնավորապես խոսքը գնում է բակալավրի, մագիստրոսի աստիճաններ եւ դոկտորի կոչում ստանալու հավասարազոր հիմքեր հաստատելու մասին: Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան նույնպես ընդգրկվել են այդ գործընթացում: