24 նոյեմբերի 2012 - 12:57 AMT
Նորիկ Գալստյան. Իշխանությունների պարտքն է Լեոնիդ Ազգալդյանին հերոսի կոչում շնորհել

Հայաստանի իշխանությունների պարտքն է Լեոնիդ Ազգալդյանի պես լեգենդին հերոսի կոչում շնորհել: Այսօր ասուլիսում նման կարծիք հայտնեց Ազգալդյանի մտերիմ ընկեր Նորիկ Գալստյանը: «Լեոնիդ Ազգալդյանն արցախյան շարժման սկզբում արդեն այն կարծիքին էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սահմանադրական ճանապարհով չի լուծվի: Հենց դրանում է նրա մեծությունը՝ որպես ռազմական գործիչ և որպես ՀՀ քաղաքացի: Նա սկսեց մարտական ջոկատ հավաքել, իսկ ԵՊՀ-ում ստեղծվեց հանձնաժողով, որի նախագահն էի ես, և որը սկսեց զենք մատակարարել այդ ջոկատին: Ազգալդյանի ջոկատը, որի հենքի վրա կազմավորվեց ազգային-ազատագրական բանակը, երբևէ զենքի պակաս չի ունեցել»,- ասաց նա՝ մեջբերելով այդ ժամանակ Ազգալդյանի ասած խոսքերը. «Այս հողը ոչ ոք իրավունք չունի աճուրդի դնելու: Սա Հայաստանն է և վերջ: Որևէ մեկին այն հանձնելու իրավունք չունենք»:

Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր, Արցախյան պատերազմի մահապարտ Գագիկ Գինոսյանն իր հերթին նշեց, որ Ազգալդյանը շատ հեռատես ռազմական գործիչ էր: «Նա առաջիններից էր, որ հիմք դրեց կանոնավոր բանակին, մարզումների դպրոց ստեղծեց, երիտասարդներին առանց մեկ-երկու ամիս մարզելու մարտի դաշտ չէր տանում: Հենց դրանում է առանց զոհ տալու հաղթանակներ տանելու նրա ֆենոմենի գաղտնիքը: Չորս տարվա մեջ նա իր 300 հոգանոց ջոկատից ընդամենը 27 զոհ տվեց, վերջինը ինքն էր»,- ասաց նա:

Գինոսյանն ընդգծեց, որ Ազգալդյանը Գարեգին Նժդեհից հետո հայ ամենակարգապահ հրամանատարներից մեկն էր: «Մենք պարտավոր ենք ունենալ մեր բոլոր հերոսների արձանները ու նրանց անուններով փողոցներ կոչել»,- ասաց նա: Նորիկ Գալստյանն իր հերթին փաստեց, որ Հայաստանն այսօր Ազգային հերոսի կոչում է շնորհել 15 հոգու, որից միայն հինգն են եղել ռազմաճակատում, իսկ Ադրբեջանը, որ պարտված կողմ է, 60 ազգային հերոս ունի: «Այդ պատերազմը շատ լեգենդներ ծնեց, և Ազգալդյանը առաջիններից էր»,- ասաց նա:

Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտում կազմակերպվել էր հուշ-երեկո՝ նվիրված Ազգալդյանի ծննդյան 70-ամյակին: Նոյեմբերի 30-ին նման հուշ-երեկո կանցկացվի ԵՊՀ-ում: