24 նոյեմբերի 2012 - 14:33 AMT
Ալիևի խոսքերը համազոր են հայկական լոբբիին արդյունավետ գործունեության համար մեդալի շնորհմանը

Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե «Ադրբեջանի թշնամին հայկական լոբբին է», հայկական լոբբիի աշխատանքի կարևորության ու ձեռքբերումների արժեքի վկայությունն է: Այդ մասին հայտարարել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի քաղաքական մեկնաբան Վահրամ Էմմիյանը: Ըստ նրա, Ալիևի խոսքերը համազոր են հայկական լոբբիին արդյունավետ գործունեության համար մեդալի շնորհմանը, սակայն նաև տողատակի պատերազմի հայտարարություն են:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ նրանց երկրորդ թշնամին իսլամաֆոբիան է: Ըստ Էմմիյանի, սա քայլ է, որ ավելի շուտ հայկական լոբբի դեմ ուղղված զենքի բացահայտում է, քան երկրորդ թշնամու մատնանշում:

Ինչպես գրում է Էմմիյանը, Ալիևի միջազգային լրատվամիջոցների շրջանառության մեջ դրված ժխտական բնույթ ունեցող այս եզրը նպատակ ունի օգտագործել այն շանտաժի ենթարկելու համար այն օրենսդիրներին, որոնք կվախենան իսլամաֆոբի պիտակից, եթե Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար հայկական լոբբիի դիմումին ընդառաջեն: