ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը` Ավոն, այսօր կդառնար 55 տարեկան:
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի, ԱՄՆ-ում գտնվող Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի մոտակայքում գտնվող Վայսելիա ավանում:
Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ծնողների հետ ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներով, այցելել է նաև Արևմտյան Հայաստան, որտեղ էլ առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը:
1970-ականներին Եվրոպա և Հեռավոր Արևելք կատարած ճամփորդությունները մեծապես նպաստել են նրա աշխարհայացքի և որպես անհատականության ձևավորմանը:
1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը: Այդ տարիներին ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»` նպատակ ունենալով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման գործում:
1987թ. մարտի 15-ին մեկնել է Լիբանան` հայրենիքին մոտ լինելու և հայերեն լեզուն սովորելու նպատակով: Նույն տարվա մայիսին Լիբանանից մեկնել է Իրան` այդ երկրի հայկական հոծ գաղութին ծանոթանալու համար: 1978թ. Հոկտեմբերին, վերադառնալովԼիբանան, երկու տարի մասնակցել է հայկական թաղամասերի պաշտպանությանը:
1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում, հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:
1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեի նձերբակալել են` կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Սկզբում նրան դատապարտել են 4 ամսվա ազատազրկման, այնուհետև դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: 1985-ին Մելքոնյանը կրկին կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Բանտից Մոնթեն դուրս է եկել 1989թ.-իհունվարի 16-ին և մի քանի տարի անց` 1990 թ.-ի հոկտեմբերին, ժամանել Հայաստան (այդ ժամանակ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը):
Յոթ ամիս աշխատել է Գիտությունների ակադեմիայում, գրել և հրատարակել «Հայաստանը և հարևանները» գիրքը:
Ամուսնացել է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ։Շուտով, թողնելով գիտական գործունեությունը, մեկնել է Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։
1991թ.–ի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը:
1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը:
1993-իհունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվել է փոխհրաձգություն, որի արդյունքում էլ սպանվել են Մոնթեն և նրա ընկերը՝ Սարիբեկը:
Մոնթեն արժանացել է հետմահու ՀՀ ազգային հերոսի կոչմանը: