26 նոյեմբերի 2012 - 11:23 AMT
Նավթն էժանանում է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ֆոնին

Նավթի համաշխարհային գները նվազում են երկուշաբթի օրը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ֆոնին Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադար ձեռք բերելուց հետո, ինչը նվազեցրել է ներդրողների մտավախությունները հումքի մատակարարումների հնարավոր խափանումների հետ կապված, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.18 դոլարով կամ 0.16 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 111.2 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.16 դոլարով կամ 0.18 տոկոսով` մինչև 88.12 դոլար:

Իսրայելի և Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջև հրադադարը, որը համաձայնեցվել է ամերիկաեգիպտական միջնորդությամբ, ուժի մեջ է մտել չորեքշաբթի օրը ժամը 23:00-ին: