26 նոյեմբերի 2012 - 11:14 AMT
Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի ժ/պ Աննա Մնացականյան. Կխոսենք մրցույթից հետո

Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը տնօրենի պաշտոնի համար առաջացած կոնֆլիկտի առնչությամբ առայժմ մեկնաբանություն չի տալիս: «Ես այժմ չեմ ցանկանում ոչինչ մեկնաբանել, մրցույթից հետո համեցեք»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Մնացականյանը:

Նշենք նաև, որ քոլեջի տնօրենի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն` Դավիթ Դավթյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել: Հիշեցնենք, որ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնության անդամներն առաջարկում են տնօրենի իրենց թեկնածուին: Ըստ նրանց՝ լավագույն թեկնածուն քոլեջի երկարամյա դասախոս Դավիթ Դավթյանն է:

Ըստ նախաձեռնողների՝ Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջին 91 տարվա պատմության մեջ առաջին անգամ սպառնում է մասնագիտությամբ կիբեռնետիկ տնօրենի կառավարումը, որը պայմանավորված է Ալվարդ Պետրոսյանի՝ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցվող գահի վերածելու ցանկությամբ: Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանն Ալվարդ Պետրոսյանի հարսն է:

Ըստ նախաձեռնության անդամների ՝ Աննա Մնացականյանն անհիմն կերպով աշխատանքից ազատում է դասախոսներին: Նրանցից մեկն անգամ վերջերս դատական հայց է ներկայացրել Աննա Մնացականյանի դեմ: