26 նոյեմբերի 2012 - 12:54 AMT
Ավստրալիան Հայաստանին կհատկացնի 24,5 մլն դոլար սիրիահայ փախստականներին օգնելու համար

Ավստրալիայի Հայ դատի հանձախումբը Ավստրալիայի միջազգային զարգացման գործակալության ու Միջազգային օգնության և առևտրի բաժնի հետ համագործակցությամբ քայլեր է ձեռնարկում Սիրիայից Հայաստան ժամանած սիրիահայ փախստականներին օգնություն ցուցաբերելու համար:

Նոյեմբերի 22-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհրդի անդամ Ուոլտ Սեկորդը նույնպես հանդես է եկել Սիրիայի հայ համայնքին աջակցելու և Ավստրալիայի կողմից նրան օգնություն ցուցաբերելու օգտին: Նա մտահոգություն է հայտնել Սիրիայի հայերի դրության հետ կապված և հավելել. «Ես աջակցում եմ Ավստրալիայի կառավարության խոստմանը Հայաստանում փախստականներին 24,5 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ»:

«Ավստրալիայի կառավարության հետ համագործակցությամբ մենք աշխատում ենք Հայաստանի գերատեսչություններին 24,5 մլն դոլար օգնություն տրամադրելու ուղղությամբ` սիրիահայերին աջակցելու համար»,- հայտարարել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը: