26 նոյեմբերի 2012 - 12:35 AMT
Բակո Սահակյանը Մարտակերտի ջրամատակարարման խնդիրը համարում է քաղաքի ամենակարևոր հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված քաղաքի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգման հարցերին:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Երկրի ղեկավարը Մարտակերտ շրջկենտրոնի ջրամատակարարման խնդիրը որակել է որպես արդի պայմաններում քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ամենակարևոր հարցը՝ ընդգծելով, որ աշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով և հնարավորինս սեղմ ժամկետներում:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նշելով, որ գործընթացը գտնվելու է իր անմիջական վերահսկողության ներքո:

Խորհրդակցությանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: