26 նոյեմբերի 2012 - 14:41 AMT
Թերլեմեզյանի քոլեջի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 14-ին, իսկ մինչ այդ…

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար նախատեսված մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարություն Ավագյանը: Ավագյանը քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնության անդամ է: Նա նշեց, որ միակ թեկնածուն առայժմ Դավիթ Դավթյանն է: Ավագյանը նաև ասաց, որ քոլեջի ներկայիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը, ով վերջերս մահացած տնօրեն Նարեկ Առուշանյանի այրին է, իրավունք չունի ստանձնելու տնօրենի պաշտոնը, քանի որ մասնագիտությամբ կիբեռնետիկ է, և չունի մանկավարժական կրթություն: Ուսումնական հաստատություն ղեկավար լինելու համար մանկավարժական կրթությունն ու փորձը պարտադիր է: «Մենք չենք ուզում լինել որևէ մեկին դեմ, մենք ուզում ենք, որ այս ամենը լինի ի շահ քոլեջի»,-ասաց Ավագյանը:

Հիշեցնենք, որ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնության անդամներն առաջարկում են տնօրենի իրենց թեկնածուին: Ըստ նրանց՝ լավագույն թեկնածուն քոլեջի երկարամյա դասախոս Դավիթ Դավթյանն է:

Ըստ նախաձեռնողների՝ Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջին 91 տարվա պատմության մեջ առաջին անգամ սպառնում է մասնագիտությամբ կիբեռնետիկ տնօրենի կառավարումը, որը պայմանավորված է Ալվարդ Պետրոսյանի՝ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցվող գահի վերածելու ցանկությամբ: Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանն Ալվարդ Պետրոսյանի հարսն է:

Ըստ նախաձեռնության անդամների ՝ Աննա Մնացականյանն անհիմն կերպով աշխատանքից ազատում է դասախոսներին: Նրանցից մեկն անգամ վերջերս դատական հայց է ներկայացրել Աննա Մնացականյանի դեմ: Աննա Մնացականյանն առայժմ մեկնաբանություններ չի տալիս: