27 նոյեմբերի 2012 - 12:14 AMT
Պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության ԱՊՀ պետությունների միջպետական խորհրդի նիստը բացված է

Այսօր Երևանում բացվեց պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրքերի տարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական խորհրդի 17-րդ երկօրյա նիստը:

Նիստի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Գրատարածողների ասոցիացիայի ու Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիային կից գրահրատարակչության խորհրդի ներկայացուցիչները:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը պետք է դառնա խորհրդի նախագահող երկիր: Այժմ նախագահում է Ադրբեջանը: Նա նաև նշեց, որ առաջին անգամ խորհուրդը տեղի է ունենում «արտագնա», քանի որ այսքան տարի այն անցկացվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: «Շատ է ակտիվացել գրահրատարակչության և գրքի փոխանակման ոլորտում համագործակցությունը: Ամեն տարի իրականացվում են համատեղ մրցանակաբաշխություններ, և արդեն 4-րդ տարին է՝ մեր կողմից հրատարակված գրքերին մրցանակ են տալիս»,-ասաց Պողոսյանը: Փոխնախարարը նաև ասաց, որ այս տարիների ընթացքում ակտիվացել են նաև միջգրադարանային տարբեր համակարգեր:

Խորհրդի 7 ներկայացուցիչներից բացակայում են Ադրբեջանն ու Տաջիկստանը: