27 նոյեմբերի 2012 - 19:14 AMT
«Հայաստան առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք

«Հայ Ազգային Կոնգրեսի չորս երիտասարդների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը զուգահեռ ԵՊՀ-ում «Հակահարված» art խմբի անդամների հանդեպ կիրառված ֆիզիկական բռնությունը և իրավապահ մարմինների ներկայացուցիչների անգործությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ներկայիս իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել քաղաքացիներին հալածելու, խոսքի, մտքի, խղճի և այլ ազատությունների սահմանափակմանն ուղղված իրենց ապօրինի գործողությունները»: Այս մասին ասված է «Հայաստան առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

««Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախօրեին իրականացված գիշերային «Մի՛ ենթարկվիր Սերժ Սարգսյանին» ակցիայով ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք՝ խստորեն դատապարտելով իշխանությունների ու նրանց կամակատարների գործողությունները:

Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական, քաղաքացիական միավորներին, քաղաքացիներին միանալ առաջիկայում կայանալիք ակցիաներին», – նշում են հայտարարության հեղինակները: