Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունը զբաղվում է խնդիրների լուծմամբ, որոնք հանգեցրել են հայ-վրացական սահմանին բեռնատար մեքենաների կուտակման: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, փաստաթղթերը սխալ լրացնելու հետ կապված այդ խնդիրները շուտով կլուծվեն:
Որոշ տվյալներով, նախօրեին հայ-վրացական սահմանին կուտակվել են ավելի քան 50 բեռնատար մեքենաներ: Դրա պատճառն այն փաստն է, որ վրացական մաքսատան աշխատողները պահանջել են վճարել 1000 դոլար տուգանք բեռների իրական և ներկայացված քաշի միջև տարբերության պատճառով: Ընդ որում տարբերությունը կազմել է շուրջ 30 կգ:
Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, արդեն լուրեր են տարածվել, որ նման միջադեպի պատճառը դարձել է նոր վրացական իշխանությունների գաղտնի որոշումը, կապված նրա հետ, որ Հայաստանի ղեկավարությունը Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: