16 տարի առաջ կազմավորված Հայաստանի ՏԻՄ համակարգն ընդհանուր գնահատականներով կայացել է: Այսօր քննարկման ժամանակ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՏԿՆ ինքնակառավարման հարցերի համակարգի բաժնի պետ Կարեն Բակոյանը և ոլորտն ուսումնասիրող փորձագետները նաև ՏԻՄ խնդիրներն են նշել:
«ՏԻՄ-ը խնդիրներ ունի հանրային ծառայություններ մատուցելու տեսանկյունից` սահմանափակ ռեսուրսների, լիազորությունների պատճառով: Նույն հիմնավորմամբ համակարգը կենսունակության խնդիր ունի, իսկ լուծումը համայնքների խոշարացումն է», - ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով իշխանությունը պետք է ապակենտրոնացնել` նրանց որոշ լիազորություններ ՏԻՄ-ին տալով, քանի որ փորձը ցույց է տվել, որ տեղական մակարդակում ծառայություններն ավելի արդյունավետ են մատուցվում: Իսկ կենտրոնական իշխանությունները կարող են համապետական խնդիրներով զբաղվել:
«Բայց եթե համայնքները չեն կարողանում իրենց այժմյան լիազորություններն օգտագործել, ռիսկային է նրանց նոր լիազորություններ տալը», - հարցի մյուս կողմը նշեց մարզպետը:
ՏԿՆ ինքնակառավարման հարցերի համակարգի բաժնի պետ Կարեն Բակոյանը համակարգի ձեռքբերումները նշեց. սահմանադրական բարեփոխումներից մինչև բնակիչներին ավագանու օրակարգ նախագծեր ներկայացնելու հնարավորություն: